National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.11.2013
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական եւ գիտական կազմակերպությունների, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Թեմայի ընտրությունը նա պայմանավորեց մի շարք գործոններով՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվության եւ սողավտանգ գոտում, եւ այդ վտանգների վաղ ազդարարման անհրաժեշտություն կա, միաժամանակ ոչ պակաս կարեւոր համարեց երաշտին, ցրտին, կարկուտին, անտառային հրդեհներին եւ բնական աղետներին հակազդելու մեխանիզմների կատարելագործումը: Կորյուն Նահապետյանը արձանագրեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը ազգային գերակայություն է, ինչը հաստատված է ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր փաստաթղթերում եւ նախատեսում է ուժեղ ու կայուն ազգային ինստիտուցիոնար համակարգի ձեւավորում: Նա աղետների ռիսկերի նվազեցման գործում կարեւորեց հատկապես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը, ինչպես նաեւ Ազգային ժողովին վերապահված մշտադիտարկումներ ու վերահսկողություն իրականացնելու գործառույթների հետեւողական իրականացումը: Ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը նա մեծապես պայմանավորեց օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ու մասնագետների համատեղ ու հետեւողական աշխատանքով, ինչին էլ միտված են այս քննարկումները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց ոլորտում կատարված բարեփոխումների, նախատեսվող ծրագրերի, միջազգային կառույցների ու տարբեր երկրների հետ արդյունավետ համագործակցության մասին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը մշակել է աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ, որտեղ հանգամանալից ներկայացված են աղետներից առաջ եւ հետո, աղետների ընթացքում իրականացվելիք քայլերը: Նա հանգամանորեն անդրադարձավ արտակարգ իրավիճակների տարբեր ստորաբաժանումների՝ աղետների վաղ ազդարարմանն ու կանխարգելմանը, աղետների ռիսկերի նվազեցմանն ու դիմակայմանն ուղղված աշխատանքներին եւ այդ փորձը մարզերում ներդնելու ծրագրերին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում աղետների 110 տեսակներ կան, որոնք պահանջում են ստեղծել աղետների ռիսկերի նվազեցման կայուն համակարգ: Նրա գնահատմամբ՝ ռիսկերի նվազեցման գործում չափազանց մեծ է գիտելիքի ու տեխնիկական հագեցվածության դերը, իսկ ոլորտում առկա խնդիրները լուծելու համար կարեւոր է պետական կառավարման մարմինների ակտիվ համագործակցությունը, միասնական քաղաքականությունը, տեխնածին վտանգների նվազեցումը, պլանավորումը, բնական ռեսուրսների կառավարման կատարելագործումը, ապահովագրության ներդրումը, հետազոտությունների ակտիվացումը, ուսուցումն ու վերապատրաստումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը: Պատգամավորը կարեւորեց նաեւ փրկարարի կերպարի ձեւավորման ու ոլորտում հոգեբանների ներգրավման խնդիրը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ծանոթացրեց մարզում հանդիպող աղետների դրսեւորումներին ու ռիսկերին, քարաթափումների, սողանքների, հրդեհների, վթարային հին շինությունների, հեղեղների ու սելավների հնարավոր հետեւանքներին ու դրանց կանխարգելման ձեւերին: Նա կարեւորեց ՏԻՄ կարողությունների մեծացումը, ուսուցողական ծրագրերի հետեւողական իրականացումը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների հետ համակարգված աշխատանքը, ուսումնական վարժանքների կազմակերպումը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը հիմնականում անդրադարձավ քաղաքաշինության նորմերի խախտման դեպքերին, կանաչ տարածքների վրա կառուցապատման աճին եւ դրա հետեւանքով աղետների ռիսկերի մեծացման խնդիրներին: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում նա անընդունելի համարեց սելավատար Գետառը խողովակների մեջ առնելը, իսկ տարհանման գոտիները կառուցապատելու, սեյսմիկ վտանգի անտեսումով բարձրահարկ շենքեր կառուցելու նախադեպերը ավելի են շատանում եւ մեծացնում աղետների ռիսկայնությունը:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» գիտական կենտրոնի պետ Լիոն Հախվերդյանը խոսեց աղետների ռիսկերի օջախների, մասնավորապես Արարատյան դաշտի սեյսմիկ վտանգների, երկրաշարժի կանխագուշակմանն ուղղված «Գառնի» գիտական կենտրոնի աշխատանքների ընթացքի մասին:

Խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցին ելույթ-առաջարկներ: Զեկուցողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը զեկուցողներին ու մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկումների համար՝ հավաստիացնելով, որ տարբեր ձեւաչափերով քննարկումները շարունակական են լինելու եւ ամենակարեւորը՝ նպատակային: Այն միտված է լինելու աղետակայուն երկրի ձեւավորմանը, աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքների, ինչպես նաեւ համակարգի կառավարելիության արդյունավետության բարձրացմանը, աղետների ռիսկերի նվազեցման կարողությունների ճկուն եւ զարգացող համակարգի ձեւավորմանը, աղետների ռիսկերի նվազեցման գիտելիքների զարգացմանը, բնակչության իրազեկվածության բարձրացմանը եւ համապատասխան մշակույթի ձեւավորմանը, աղետների պատճառով կորուստների ու վնասների նվազեցմանը: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց նաեւ, որ աշխատանքներ են կատարվում ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, որի հաջողությունը պայմանավորված է լինելու իրավասու մարմինների ու բանիմաց մասնագետների համատեղ աշխատանքով: Նա հավաստիացրեց, որ այդ նպատակով ստեղծվելիք աշխատանքային խմբում ներկայացված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am